Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդի շնորհաւորական ուղերձը Իրանի Իսլ. Հանրապետութեան նորընտիր նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետութեան

նորընտիր նախագահ

Վսեմաշուք Դոկտ. Մասուդ Փեզեշքիան

Իրանի գիտակից ժողովուրդը, կրօնական ժողովրդավարութեան խթանմանը համընթաց եւ մեծ ըմբռնումով մասնակցելով ընտրութիւններին, հերթական անգամ "ԱՅՈ" ասաց անկախութեանը, ազատութեանն ու ազգային համերաշխութեանը եւ իր վստահութեան քւէն տւեց Ձեզ՝ երկրի նախագահի կարեւոր պատասխանատւութիւնը ստանձնելու համար։

Ձեր հարուստ անցեալը Իրանի յեղափոխութեան եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի, ինչպէս նաեւ Առողջապահութեան նախարարի Ձեր պաշտօնավարման տարիներում, միաժամանակ երկրի խորհրդարանի յաջորդական շրջաններում Ձեր ընտրութիւնը՝ որպէս Թաւրիզի, Ազարշահրի եւ Օսկոյի պատգամաւոր, ապացուցում են Ձեր հաւատարիմ ծառայութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեանը։

Իրանահայերը շարունակ եղել են իրենց հայրենակիցների կողքին։ Նրանք մասնակցել են երկրում ընթացող կարեւոր իրադարձութիւններին, իսկ պարտադրեալ պատերազմի ընթացքում տւել հարիւրաւոր նահատակներ, անձնուրացներ եւ ազատամարտիկներ։

Այսու, Սպահանի Հայոց Թեմի եկեղեցականաց դասի, ազգային մարմինների, ողջ ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհաւորում ենք Ձեզ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ եւ ամենակարող Աստծուց հայցում ենք յաջողութիւն եւ բարգաւաճում՝ Ձեր ծառայութեան բոլոր բնագաւառներում։

Սիփան Արք. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի